19 июл. 2012 г.

Ջուզեպպե Վերդի`հռչակավոր երգահանը




Ջուզեպպե Վերդի (իտալերեն՝ Giuseppe Fortunino Francesco Verdi) ծնվել է 1813թ.-ի հոկտեմբերի 10-ին (ինչպես և Ռիխարդ Վագները՝ հետագայում նրա գլխավոր մրցակիցը և գերմանական օպերային դպրոցի առաջնորդ կոմպոզիտորը), Լը Ռոնկոլեում, Բուսետոյից ոչ հեռու (Պարմի դքսություն):

Կյանքի վաղ շրջանը

Կոմպոզիտորի հայրը՝ Կարլո Վերդին ուներ գյուղական մի պանդոկ: Մայրը՝ Լուիջա Ուտտինին մանող բանվորուհի էր: Վերդին դժվար մանկություն է ունեցել: Ընտանիքը խեղճ էր ապրում: Գյուղի եկեղեցում նա մասնակցում էր պատարագի մատուցմանը: Նոտաճանաչություն ձեռք բերել և երգեհոն նվագել սովորել է Պիետրո Բայստրոկիի մոտ: Տեսնելով որդու առաջադիմությունը երաժշտության ասպարեզում, ծնողները Ջուզեպպեին սպինետ նվիրեցին (սպինետը ստեղնաշարային նվագարան է՝ կլավեսինի նման):Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն դարձրեց Անտոնիո Բարեցցին՝ մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից: Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկապան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ մեծ կոմպոզիտոր: Բառեցցիի խորհրդով տասնամյա Վերդին տեղափոխվեց Բուսետո՝ ուսման: Այսպես սկսվեց նոր, կյանքի էլ ավելի դժվար շրջանը՝ պատանեկությունն ու երիտասարդությունը: Կիրակի օրերը Ջուզեպեն գնում էր Լը Ռոնկոլե, որտեղ երգեհոն էր նվագում պատարագի ժամանակ: Վերդիի համար կոմպոզիցիայի դասատու էլ հայտնվեց՝ Ֆերնանդո Պրովեզին, ով Բուսետոյի «Ֆիլհարմոնիկ հասարակության» տնօրենն էր: Պրովեզին Վերդիին սովորեցնում էր ոչ միայն կոնտրապունկտ (մեղեդային երկու կամ ավելի ձայների համադրում), այլև լրջորեն զբաղվում էր նրա նոտա կարդալով: Ջուզեպեի ուշադրությունը կենտրոնացնում էր համաշխարհային գրականության վրա՝ Շեքսպիր, Դանթե, Գյոթե, Շիլլեր: Նրա ամենասիրած ստեղծագործություններից էր իտալացի մեծ գրող Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպը:
Միլանում, ուր Վերդին գնաց քսան տարեկան հասակում՝ կրթությունը շարունակելու նպատակով, նրան կոնսերվատորիա (այսօր կրում է Վերդիի անունը) չընդունեցին՝ դաշնամուր վատ նվագելու պատճառով: Բացի դրանից կոնսերվատորիայում տարիքային սահմանափակում կար: Վերդին սկսեց կոնտրապունկտի մասնավոր դասեր ստանալ՝ միաժամանակ անցկացնելով միջոցառումներ և պարզապես համերգներ: Շփվելով Միլանի հասարակության վերնախավի հետ, նա որոշեց թատերական կոմպոզիտորի լուրջ գործունեություն ծավալել:
Վերադառնալով Բուսետո՝ Վերդին ամուսնացավ Մարգարիտա Բարեցցիի հետ: Նրանց երկու երեխաները մահացան դեռ մանուկ հասակում:

Ճանաչում

Վերդիի օպերայի առաջին բեմադրությունը («Օբերտո, կոմս Բոնիֆաչո») Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում հաջող անցավ, ինչից հետո թատրոնի իմպրեսարիո (պրոդյուսեր) Բարտոլոմեո Մերելլին Վերդիին առաջարկեց նոր պայմանագիր՝ երկու օպերայի համար: Դրանք էին «Արքա մեկ ժամով» (Un giorno di regno) և «Նաբուկո» (Նաբուգոդոնոսոր - Nabucco) օպերաները:«Նաբուգոդոնոսորը», որ առաջին անգամ ներկայացվեց 1842 թվականին, նրան ճանաչում բերեց: «Նաբուգոդոնոսորին» հաջորդեցին միանգամից մի քանի օպերաներ, այդ թվում «Լոմբարդցիները խաչակրաց արշավանքներում» և «Էռնանի» , որոնք ներկայացվեցին և հաջողություն ունեցան Իտալիայի մի քանի քաղաքներում:
1847 թվականին «Լոմբարդցիները»՝ վերափոխված և վերանվանված «Երուսաղեմ», ներկայացվեց Փարիզի օպերայում: Դրա հետ կապված կոմպոզիտորը հետևեց բեմադրման փարիզյան ավանդույթներին, և «Երուսաղեմը» դարձավ Վերդիի «մեծ օպերա» ոճի առաջին ստեղծագործությունը:

Այս գրառումով ես ներկայացրեցի Ջուզեպպե Վերդիյին միայն կիսով չափ քանի որ նրա կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնելով մեկ գրառումով շատ երկարաշունչ կստացվեր:
Շարունակույթունը կարող եք գտնել մյուս գրառման մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan