Խաղին մասնակցում են բոլոր մաստերի 7, 8, 9, 10, J, Q, K, A խաղաթղթերը: Ամեն ռաունդի սկզբում խաղացողներից մեկը բաժանում է խաղաթղթերը (յուրաքանչյուր խաղացող ստանում է 8 խաղաթուղթ), և խաղացողները որոշում են` որ մաստն է լինելու կոզր (թե ինչպես է դա արվում` կկարդաք ներքևում, այսուհետ բոլոր այն խաղաթղթերին, որոնց մաստը տարբերվում է կոզրից, կանվանենք սովորական խաղաթղթեր): Կարող է որոշվել նաև խաղալ առանց կոզրի (դա կոչվում է բոյ): Հետո բաժանողի հաջորդ խաղացողը կատարում է քայլ` դնում է իր խաղաթղթերից որևէ մեկը: Նրանից հետո քայլ է կատարում իր հաջորդ խաղացողը, հետո մյուս երկուսը: Այն խաղացողը, որը դրել է «ամենաուժեղ» խաղաթուղթը (թղթերի ուժի մասին նույնպես կխոսենք ներքևում), սկսում է հաջորդ քայլը, իսկ այդ խաղաթղթերի քառյակը ավելանում է այդ խաղացողի և նրա խաղընկերոջ «պաշարին» (սկզբում 2 թիմերի պաշարներն էլ դատարկ են): Այսպես ռաունդը շարունակվում է 8 անգամ, մինչև խաղացողների խաղաթղթերը սպառվեն: Ռաունդի վերջում, կախված թիմերի հավաքած խաղաթղթերի պաշարից` թիմերը ստանում են միավորներ: Հաղթում է այն թիմը, որը առաջինը կհավաքի 301 միավոր:
Խաղաթղթերի ուժերն աճման կարգով
Սովորական խաղաթղթեր` 7, 8, 9, J, Q, K, 10, A, Կոզրներ` 7, 8, Q, K, 10, A, 9, J: Ցանկացած կոզր ուժեղ է ցանկացած սովորական խաղաթղթից: Քայլը սկսողն իրավունք ունի դնել իր խաղաթղթերից ցանկացածը: Մյուս խաղացողները պետք է քայլ կատարեն հետևյալ կանոնով.
1. Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել, և նա ունի այդ մաստի խաղաթուղթ, ապա նա պետք է դնի այդ մաստի իր խաղաթղթերից որևէ մեկը:
2. Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել և նա չունի այդ մաստի խաղաթուղթ, բայց ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր (այդպիսի կոզրի դնելը կոչվում է չախել), բացառություն է կազմում այն դեպքը, երբ իր ընկերն արդեն քայլ է կատարել և ընկերոջ խաղաթուղթը մինչև իր քայլը դրված խաղաթղթերի մեջ ամենաուժեղն է, այդ դեպքում կարելի է չչախել և դնել ցանկացած խաղաթուղթ: Եթե նա այդպիսի կոզր էլ չունի, ապա կարող է գցել ցանկացած խաղաթուղթ:
3. Եթե քայլը սկսողը կոզր է դրել, և նա ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր: Եթե նա այդպիսի կոզր չունի, բայց ունի այլ կոզրներ, ապա նա պետք է դնի որև է կոզր: Եթե նա ընդանրապես կոզր չունի, ապա կարող է դնել ցանկացած խաղաթուղթ:
Ռաունդի վերջում հաշվարկվում են թիմերի պաշարները: Պաշարի մեջ մտնող ամեն մի խաղաթուղթ բերում է միավոր: Սովորական խաղաթղթերը բերում են այսպիսի միավորներ.
A - 11
10 - 10
K - 4
Q - 3
J - 2
7, 8, 9 - միավոր չեն բերում
Կոզրի J-ը բերում է 20 միավոր, 9-ը` 14 միավոր: Մնացած կոզրները այս դեպքում սովորական խաղաթղթից չեն տարբերվում: Բոյի դեպքում A-ն արժի 19 միավոր: Բոլոր դեպքերում խաղաթղթերի գումարային արժեքը հավասար է 152-ի: Այն թիմը, որը տանում է վերջին քառյակը, ստանում է 10 լրացուցիչ միավոր: Եթե թիմերից մեկը տանում է բոլոր խաղաթղթերն առանց բացառության, ապա ասում են, որ այդ թիմը կապուտ արեց: Կապուտը բերում է ոչ թե 162, այլ 250 միավոր:
Ինչպես են որոշում կոզրը
Խաղացողները հերթականությամբ իրավունք ունեն «խոսելու»: Խաղացողը կարող է ասել «x հատ մաստ»: Այստեղ x-ը թիվ է, իսկ մաստը` խաչ, քյափ, ղառ, սիրտ կամ բոյ: Դա նշանակում է հետևյալը. «եթե մաստը լինի կոզր, ապա մենք խաղաթղթով կտանենք ոչ քիչ, քան 10x միավոր»: Օրինակ, եթե խաղացողն ասում է «12 հատ սիրտ» (կամ նույնն է, «սիրտը 12» ), նշանակում է, նա և իր խաղընկերը պետք է խաղաթղթով տանեն ոչ քիչ, քան 120 միավոր: Սակայն խաղաթղթերի որոշ կոմբինացիաներ բերում են լրացուցիչ միավորներ, ինչի հաշվին խաղացողները կարող են ավելի մեծ թվեր ասել: Օրինակ, եթե խաղացողն ասում է «սիրտ 12», և նրա թիմը ունի 2 լրացուցիչ միավոր, ապա նրանք խաղաթղթով պետք է տանեն ոչ քիչ, քան 100 միավոր: Եթե թիմը իր ասածի չափ չի տանում, ապա ասում են, որ նա տակ է տվել: Լրացուցիչ միավորներ բերում են խաղաթղթերի հետևյալ կոմբինացիաները.
Թերզ- նույն մաստի 3 հաջորդական խաղաթղթեր ( 7, 8, 9, 10, J, Q, K, A ), 2 միավոր:
50 - նույն մաստի 4 հաջորդական խաղաթղթեր, 5 միավոր:
100 - նույն մաստի 5 հաջորդական խաղաթղթեր, 10 միավոր:
4 թուղթ - բոլոր 4 մաստերի միևնույն խաղաթուղթը (բացի 7-ից), կախված խաղաթղթերից` 4 թուղթը բերում է տարբեր միավորներ.
J – 20 միավոր
9 -14 միավոր (եթե խաղն առանց կոզր է, ապա 10 միավոր )
K, Q, 10 – 10 միավոր
A – 10 միավոր (եթե խաղն առանց կոզր է, ապա 19 միավոր )
8 – միավոր չի բերում, բայց հետո կտեսնենք, թե ինչի է ընդունակ:
Եթե խաղացողն ունի միաժամանակ կոզրի Q և K խաղաթղթերը, ապա դա ևս բերում է 2 միավոր (կոչվում է բլոտռեբլոտ):
Խաղացողը կարող է միաժամանակ ունենալ վերոհիշյալ կոմբինացիաներից մի քանիսը: Սակայն դրանք բոլորը հաշվարկվում են, միայն եթե իրար հետ չեն հատվում: Օրինակ, {սիրտ 7, սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10} քառյակի մեջ պարունակվում է մի հատ 50, երկու հատ թերզ, սակայն դրանցից կարող է հաշվարկվել միայն մեկը, իսկ { սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10, ղառ 10, ղառ J, ղառ Q} խաղաթղթերը պարունակում են 2 իրար հետ չհատվող թերզեր, և երկուսն էլ կարող են հաշվարկվել: Բլոտռեբլոտը, մյուս կոմբինացիաների հետ կապ չունի և 2 միավոր բերում է անկախ ամեն ինչից: Հետագայում կոմբինացիաների հետ կապված բոլոր օրենքները, որոնք կնշենմ, բլոտռեբլոտին չեն վերաբերվում:
Եթե խաղացողն ունի որևէ կոմբինացիա, ապա նա պետք է դա ասի առաջին քայլն անելուց առաջ: Իսկ որպեսզի մյուս խաղացողները համոզվեն, որ նա իրոք ունի այդ կոմբինացիան, ապա նա երկրորդ քայլից առաջ պետք է ցույց տա այդ կոմբինացիան մյուս խաղացողներին: Կարող է այնպես պատահել, որ կոմբինացիայի բաղկացուցիչ խաղաթղթերից մեկը նա արդեն դրել է առաջին քայլին, այդ դեպքում նա ցույց է տալու կոմբինացիայի մնացած խաղաթղթերը:
Եթե երկու թիմերի խաղացողներն էլ կոմբինացիաներ ունեն, ապա միայն մի թիմի կոմբինացիաները կարող են հաշվարկվել: Հաշվարկվում են այն խաղացողի (և նրա խաղընկերոջ ) կոմբինացիաները, որինն ավելի «ուժեղ» են: Կոմբինացիաների ուժերը աճման կարգով` թերզ, 50, 100, 4 թուղթ: Սակայն կարող է պատահել այնպես (և շատ հաճախ պատահում է), որ երկու հակառակորդներ միաժամանակ ունեն թերզ (կամ այլ կոմբինացիա): Մտցնենք կոմբինացիայի բոյ հասկացությունը: 4 թղթի դեպքում բոյը այն թուղթն է, որից խաղացոցը 4 թուղթ ունի (օրինակ, խաչ 9, քյափ 9, ղառ 9, սիրտ 9} կոմբինացիայի բոյը 9 է), իսկ մյուսների դեպքում կոմբինացիայի մեջ մտնող ամենաբարձր խաղաթուղթը:
Օրինակ, սիրտ 9, սիրտ 10, սիրտ J կոմբինացիայի բոյը J է: 4 թղթի դեպքում ավելի ուժեղ է այն 4 թուղթը, որի բոյը հետևյալ շարքում ավելի առաջ է. 8, J, 9, A, 10, K, Q (փաստորեն 8-երը միավոր չեն բերում բայց կարող են չեզոքացնել հակառակորդի բոլոր կոմբինացիաները): Իսկ մյուս կոմբինացիաների դեպքում բոյերի բարձրությունները ստանդարտ են. A, K, Q, J, 10, 9:
Եթե երկու հակառակորդների կոմբինացիաների բոյերն էլ նույնն են, ապա կանցնի նրանը, ումը կոզրից է: Եթե ոչ մեկինն էլ կոզրից չէ, ապա կանցնի նրանը, ով առաջինը հնարավորություն ունի ցույց տալու իր կոմբինացիան: Եթե խաղացողը մոռանում է ցույց տալ իր կոմբինացիան, ապա հակառակորդները հնարավորություն ունեն հաջորդ անգամ ցույց տալու իրենցը:
Եթե խաղացողը ասում է 25-ից բարձր, ապա նա կարող է նշել, որ իրենք կապուտ են անում: Այդ դեպքում եթե իրենք նույնիսկ լրացուցիչ միավորներով իրենց ասածի չափ տանեն, բայց կապուտ չանեն, նորից տակ են տալիս: Եթե որևէ թիմ ասել է, որ իրենք ինչ-որ կոզր կապուտ են անում, ապա մյուս թիմը առանց կապուտի ուրիշ կոզր խոսելու իրավունք չունի:
Եթե խաղացողը կարծում է, որ հակառակորդները իրենց ասածի չափ չեն կարող տանել, ապա նա կարող է ռիսկի դիմել և քուանշ անել: Այդ դեպքում, եթե հակառակորդները իրոք տակ տան, ապա նրանք ավելի շատ միավոր կվաստակեն: Սակայն եթե, հակառակորդները տանեն իրենց ասածի չափ, ապա ավելի շատ միավոր կվաստակեն նրանք: Եթե քուանշի դեպքում խաղացողը կարծում է, որ իրենք այնուամենայնիվ կտանեն ասածի չափ, ապա նա նույնպես կարող է ռիսկի դիմել` սրելով քուանշը և ավելի շատացնելով պոտենցիալ միավորները: Եվ վերջապես, միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ: Օրինակ Ան և Գն ասել են x հատ ինչ-որ կոզր, սակայն արդյունքում տարել են y հատ: Եթե x > y, ապա նրանք տակ չեն տվել և վաստակում են x + y միավոր (եթե քուանշ չի եղել), իսկ Բն և Դն վաստակում են այնքան միավոր, ինչքան տարել են այդ կոզրով (այստեղ բնականաբար տարած խաղաթղթերի գումարային միավորները պետք է բաժանել 10-ի վրա): Իսկ եթե Ան և Գն տակ են տվել, ապա նրանք միավոր չեն վաստակում, իսկ Բն և Դն վաստակում են x + 16 + z միավոր, որտեղ z-ը թիմերի լրացուցիչ միավորներն են: Քուանշի դեպքում այն թիմը որը տակ է տվել, միավոր չի վաստակում (քուանշի և սուրի դեպքում եթե թիմը քուանշ է անում, բայց սխալվում է, ապա այդ թիմը տակ է տալիս), իսկ մյուս թիմը վաստակում է 2 x + 16 + z միավոր: Սուրի դեպքում x-ը պետք է բազմապատկել ոչ թե 2-ով, այլ 4-ով:
Комментариев нет:
Отправить комментарий