13 мар. 2012 г.

Այս երկիրը երկիր է, պարզապես Սերժ Սագսյանը նրա նախագահը չի


Այս երկիրը երկիր է, պարզապես Սերժ Սագսյանը նրա նախագահը չի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը:

- Արա, այս օրերին մի կողմից քաղաքական ակտիվ գործընթաց է, մյուս կողմից ակտիվացել են բնապահպանական շարժումները: Այս թեման քննարկում եք նաև ՀԱԿ փոքր խորհրդում: Ըստ Ձեզ` ի՞նչ է կատարվում, կտրվե՞լ են այդ երկուսն իրարից ու առանձի՞ն են գործում:

- Քննարկումը Փոքր խորհրդում տեղի էր ունեցել բնապահպան Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ և, իր ձևակերպմամբ, հիմնական նպատակ ուներ հարթել այն թյուրըմբռնումները, որոնք առաջացել էին վերջին ժամանակ, մասնավորապես Facebook-ում, Մաշտոցի պուրակի պաշտպանության խմբի և Հայ ազգային կոնգրեսի առանձին ներկայացուցիչների միջև (հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հատուկ հայտարարությունով իր համերաշխությունն է հայտնել Մաշտոցի պուրակի պաշտպանների և այլ հանրային շահերը պաշտպանող խմբերին): Արթուր Գրիգորյանը շեշտեց, որ Մաշտոցի, ինչպես նաև Թեղուտի շարժումները ոչ այնքան բնապաշտպանական, առավել ևս՝ բնապաշտական բնույթ ունեն, որքան կոչված են ձևակերպել, ներկայացնել ու պաշտպանել հանրային շահերը, ձևավորել հանրային տարածքներին տեր կանգնելու ու պաշտպանելու հանրային գիտակցությունը, ինչպես նաև՝ ձևավորել հանրային շահերը պաշտպանելու յուրահատուկ մեխանիզմներ, որոնցից մեկը հանրային դատարանն է: Հանդիպման ընթացքում ձևակերպվեց մի բանաձև՝ բոլոր այն հասարակական շարժումները, որոնք հիմնվում են «ես տեր եմ», կամ «մենք տեր ենք» այսինչ մի բանին, վերջին հաշվով՝ քաղաքացիական իրավունքին, լինի դա ընտրական, սահմանադրական իրավունք, մարտի 1-ի զոհերի իրավունքները, բանակում ծառայողների իրավունքները, քաղաքի, բնական և պատմական հուշարձանների պահպանությունը, մշակութային քաղաքականություն իրականացնելու իրավունքը, ցմահ բանտարկյալների իրավունքները, ուսանողների իրավունքները և ցանկացած այլ, ի վերջո հանդիսանում են միևնույն շարժման ճյուղավորումներ, որի նպատակն է լիազորել, իշխանավորել քաղաքացուն, քաղաքական և քաղաքացիական պայքարի բոլոր մեթոդներով: Արթուր Գրիգորյանը նշեց մասնավորապես, որ քաղաքացիական շարժումները պայքարի ընթացքում ձերբազատվում են նախնական այն միամիտ պատկերացումից, որ իրենց պայքարը քաղաքական չէ և գիտակցում են համընդհանուր գնահատականներին ու ձևակերպումներին հասնելու, տարբեր ձևաչափերով պայքարող բոլոր քաղաքացիների ջանքերը միավորելու անհրաժեշտությանը: Այդ ընթացքը, սակայն, ժամանակ է պահանջում, քաղաքացիական շարժումները շատ մարդկանց համար հասարակական պայքարի անդրանիկ փորձն են հանդիսանում, և հարկավոր չէ ակնկալել իրենցից միանգամից այնպիսի քաղաքական հասունություն, որը հատուկ է պայքարի առավել երկար փորձ ունեցողներին: Այդ հասունությունը, ըստ Արթուր Գրիգորյանի, անխուսափելիորեն ձեռք է բերվելու հենց պայքարի ընթացքում:

- Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում քաղաքական հարթությունը, այն արդյոք ունի՞ մղում՝ դառնալու քաղաքացիական:

- Ընդդիմադիր քաղաքական համակարգը նպատակ ունի իրականացնել այնպիսի փոփոխություններ երկրում, որոնք հնարավորություն կտան քաղաքացիական նախաձեռնություններին, նախաձեռնող քաղաքացուն իրականացնել իր իշխանական լիազորությունները՝ վերականգնված սահմանադրական մեխանիզմների միջոցով: Այժմ, դրանց բացակայության պարագայում, քաղաքական ուժերը երբեմն քաղաքացիական նախաձեռնությունների անմիջական սատարումն են կատարում, սակայն դա նրանց նորմալ գործելակերպը չպետք է լինի, սահմանադրական կարգի վրա հիմնված հասարակությունում քաղաքացիական խմբերը ինքնուրույն հնարավորություն են ունենալու բարձրացնել և լուծել իրենց մտահոգող հարցերը պետական մակարդակում, դա իրենց պետությունն է լինելու:

- Արա, ընդդիմադիր քաղաքական համակարգի նպատա՞կն է սա, թե՞ հենց Ձեր պատկերացումների ծիրում է այսպես, մանավանդ որ ընդդիմադիր քաղաքական համակարգի նպատակները մի քանի տարի՝ կապված նաև սահմանադրական կարգի վերականգնման հետ, չեն ստացվում:

- Եթե ընդդիմադիր քաղաքական համակարգի, իսկ եթե անունները պարզեցնենք՝ Կոնգրեսի, սահմանադրական կարգի վերականգնման հետ կապված ծրագրերը դեռ չեն իրականացել, ուրեմն՝ դրանք լոկ իմ պատկերացումները չեն, դրանք պատմական այս մեր ժամանակաշրջանի էությունն են, հիմնահարցը, քաղաքակրթության ու բարբարոսության ջրբաժանը: Կոնգրեսի կողմից դրանք արձանագրված են ՀԱԿ-ի ստեղծման հռչակագրում, Կոնգրեսի հայեցակարգերում, հրապարակային՝ բանավոր և գրավոր հարյուրավոր ելույթներում, կազմում են Կոնգրեսի գաղափարական նկարագիրը:

- Ստացվում է՝ Սերժ Սարգսյանին պետք է հավատա՞նք, որ «հավատանք, որ փոխենք» կարգախոսը այնքան էլ սխալ չի հնչում, որ այս երկիրը երկիր է:

- Այս երկիրը երկիր է, անշուշտ, պարզապես Սերժ Սագսյանը նրա նախագահը չի: Իսկ հավատալը առաջանում է տեսնելուց ու համադրելուց, թե քաղաքական ուժը ինչքանով է գիտակցում քո, քաղաքացու պատկերացումները, արժեքները ու շահերը, ինչպես է դրանք ձևակերպում և ներկայացնում, և ինչ չափով է պատրաստ ապահովել քո սեփական մասնակցությունն այդ պատկերացումների ու որոշումների ձևակերպման ու իրականացման մեջ:

- Իսկ գիտակցելու նախանշաններ չե՞ք տեսնում արդյոք:

- Շնորհակալություն հարցի համար, հա առիթ էի որոնում, որ ասեմ մի բան, որ ինձ կարևոր է թվում՝ այո, ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը, իբրև մարդ արարած, ինչպես բոլորս, ուզում է արդարություն, ուզում է ապրել արդար երկրում: Նա ներգրավվեց այնպիսի համակարգի, որը վճռականորեն դիմադրում է արդարության պահանջին, բայց առանձին իր անդամները, լինի Սերժ Սարգսյան, լինի Տիգրան Սարգսյան, պարբերաբար հայտնում են այդ ինֆանտիլ, անպատասխանատու, բայց մարդկայնորեն այդքան հասկանալի երազանքը: Մտածելով մարդու, քաղաքացու ազատագրման մասին, գործելով կամ պայքարելով հանուն դրա` չմոռանանք, որ մեզ ուզածն է՝ արդարություն բոլորի համար, ազատություն բոլորի համար: Եվ որևէ հանրապետական, եթե երբևէ ստանա ազատ և արդար ընտրություններում վաստակած իր մանդատը՝ դա կլինի նաև մեր բոլորիս հաղթանակը:
աղբյուրը`1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan